Պարարտանյութեր - Գիրք I - Հայկական Հանրագիտարան - Հոդվածների ցանկ - Ես Հայ Եմ
Категории раздела
Գիրք I [880]
Գիրք II [0]
Мини-чат
200
Наш опрос
Որ տարիքային խմբին եք պատկանում
Всего ответов: 2460
Статистика

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Форма входа
Главная » Статьи » Հայկական Հանրագիտարան » Գիրք I

Պարարտանյութեր
 
    Պարարտանյութերն օրգանական և անօրգանական նյութեր են, որոնք օգտագործվում են բույսերի սննդառությունը բարելավելու և բերքատվությունը բարձրացնելու նպատակով: Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում նրա սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները, ֆիզիկաքիմիական ու կենսաբանական հատկությունները: Ըստ ազդեցության բնույթի` պարարտանյութերը լինում են ուղղակի (ներգործում են անմիջապես բույսի սննդային ռեժիմի վրա) և անուղղակի (բարելավում են հողի հատկությունները և կուտակում սննդանյութեր), ըստ բաղադրության` օրգանական և հանքային:Օրգանական պարարտանյութերը պարունակում են բուսական կամ կենդանական ծագման սննդանյութեր: Օրգանական պարարտանյութեր են գոմաղբը, բուսահողը, գոմաղբահեղուկը, թռչնաղբը, տորֆը և այլն:Հանքային պարարտանյութերն անօրգանական նյութեր են, որոնք ներգործում են հողի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական հատկությունների և բույսերի սննդառության վրա: Տարբերում են միակողմանի և համալիր ազդեցության հանքային պարարտանյութեր: Միակողմանի ազդեցության պարարտանյութերը (ազոտական, ֆոսֆորական, կալիումական, միկրոպարարտանյութեր և այլն) պարունակում են 1, իսկ համալիրը` 2 և ավելի սննդատարրեր:Ազոտական պարարտանյութեր են ամոնիակային բորակը (ամոնիումի նիտրատ), միզանյութը (կարբամիդ), ամոնիումի սուլֆատը, կալցիումի բորակը (կալցիումի նիտրատ):Ֆոսֆորական պարարտանյութեր են հասարակ սուպերֆոսֆատը (կալցիումի երկհիդրոֆոսֆատի ու կալցիումի սուլֆատի խառնուրդը) և կրկնակի սուպերֆոսֆատը (կալցիումի երկհիդրոֆոսֆատ), ֆոսֆորիտային ալյուրը: Կալիումական պարարտանյութեր են կալիումի քլորիդը, կալիումական աղը [կալիումի քլորիդի և սիլվինիտի (NaCl+KCl) խառնուրդը], կալիումի սուլֆատը, կալիումի բորակը:Համալիր պարարտանյութեր են ամոֆոսը, նիտրոամոֆոսկան, նիտրոֆոսկան, որոնք, որպես օժանդակ սնուցում, հող են ներմուծում գարնանը՝ բույսերի վեգետացիայի շրջանում:Միկրոպարարտանյութերը պարունակում են բոր, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլ միկրոտարրեր: Դրանք օգտագործում են սերմերի նախացանքային մշակման, արտաարմատային և արմատային օժանդակ սնուցումների ժամանակ:Մանրէային պարարտանյութերը սննդարար միջավայրից և հողային միկրոօրգանիզմների մաքուր մանրէախմբից կազմված պատրաստուկներ են, որոնք հարստացնում են հողի արմատամերձ շերտը, բարելավում բույսերի աճման ու զարգացման պայմանները: Դրանցից են նիտրագինը, ազոտաբակտերինը, ֆոսֆորաբակտերինը և այլն:Հանքային պարարտանյութերի չարաշահումը  վտանգավոր է և հանգեցնում է բուսականության աղքատացման, ինչպես նաև հողի, բնական ու արհեստական ջրամբարների, մթնոլորտի աղտոտման, ուստի բնապահպանական տեսանկյունից առավել նպատակահարմար է օրգանական պարարտանյութերի կիրառումը:
Պարարտանյութերի օգտագործման պատմությունիցԴեռևս հնագույն ժամանակներում հայտնի էր այն պարզ ճշմարտությունը, որ մարդուն կերակրելու համար անհրաժեշտ է նախ «կերակրել» բույսերը: Հին հռոմեացիները հողը մշակում էին կենդանիների արտաթորանքով, փայտամոխրով, կրով, հրաբխային մոխրով, որոնց պարարտացնող հատկությունների մասին մ. թ. ա. I դարում հիշատակել է Վերգիլիոսն իր «Երկրագործության մասին» պոեմում: Լատինական Ամերիկայում եգիպտացորենի առատ բերք ստանալու համար գյուղացիներն օգտագործում էին թռչնաղբ, իսկ Հայաստանում անհիշելի ժամանակներից բույսերը սնուցում էին գոմաղբով:1840 թ-ին գերմանացի քիմիկոս Յու. Լիբիխը մշակել է բույսերի հանքային սնուցման տեսությունը, ըստ որի՝ բույսերի համար սննդանյութեր են համարվում նրանց զարգացման համար անհրաժեշտ քիմիական տարրեր պարունակող անօրգանական (հանքային) նյութերը: Ավելի ուշ ձևավորվեց ագրոքիմիա գիտությունը, որն ուսումնասիրում է բույս-հող-պարարտանյութ փոխադարձ կապը, այսինքն՝ բույսերի սննդառությունը և արտաքին միջավայրի հետ նրանց փոխազդեցությունը՝ բուսական օրգանիզմի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով: Բույսերի բնականոն աճման ու զարգացման համար անհրաժեշտ են շուրջ 30 քիմիական տարրեր, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր առանձնահատուկ դերը և համարվում է անփոխարինելի: C, O, H, N, P, K, Ca, S, Fe, Mg քիմիական տարրերը բույսերին անհրաժեշտ են մեծ, իսկ Mn, Zn, Cu, Co, B, Bi, Mo, I քիմիական տարրերը՝ համեմատաբար փոքր քանակներով:   
   


Категория: Գիրք I | Добавил: Ash (26.06.2011)
Просмотров: 670 | Рейтинг: 2.3/3
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:
Հինգշաբթի, 24.04.2014, 22:32
Приветствую Вас Гость
Поиск
Архив записей